AM
24 February 2025 - 09:05 AMT

Ավինյան․ Եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել, բակերն այդ տպավորությունը չեն թողնում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, խոսելով մայրաքաղաքում առատ ձյան տեղումներին նախապատրաստվելու գործընթացի մասին։

«Անկախ նրանից՝ համատիրությունների հետ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նախ պետք է հասկանալ՝ եթե աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել․ բակերը որ տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում»,- նշել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նա հորդորել է ձնամաքրման ժամանակ բացառել ավազի չափից ավելի օգտագործումը։

«Ոչինչ, թող միայն աղով լինի, որտեղ հնարավոր է, միայն աղով լուծենք, որովհետև հաջորդ խնդիրը այդ ավազի մաքրումն է», ասել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ ձյան տեղումներին պատրաստ չլինելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ համակարգը նախապես պատրաստ էր։ Նա ընդգծել է, որ աշխատանքները կազմակերպվել են փուլերով․ նախ մաքրվել են հիմնական փողոցները, ապա երկրորդային ճանապարհները։

«Տեխնիկան, մեծաչափ մեքենաները չեն կարող մուտք գործել այնպիսի թաղամասերի փողոցներ, ինչպիսիք են Սարի թաղ, Նորագյուղ և այլ, Քանաքեռի որոշ հատվածներ, դրա համար ստիպված եղանք կովշերը հանել, ավելի անցանելի դարձնել ու որոշ տրամաչափի պիկապներով մշակել փողոցները։

Մայթերում արվել է զգալի աշխատանք, մշակվել և մաքրվել են հիմնական փողոցների մայթերը, շենքեր տանող հատվածները, խնդիր է մնացել բակային տարածքներում, ինչը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է քննարկենք, չեմ ասում արդարացման համար, բայց սա օբյեկտիվ պատճառ է ՏԻՄ մասին, «Բազմաբնակարան շենքի մասին» օրենքում ճշգրտելու այդ հատվածներում կառավարման մարմիններին հատկացվող սպասարկման տարածքը։ Այդպես էլ որևէ բնակիչ և համատիրություն նորմալ ձեռնամուխ չեղավ շենքերի հենց շքամուտքերի դիմացի հատվածները մաքրելուն»,- նշել է Արեյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ձնամաքրման աշխատանքների ընթացքում աղ ու ավազ է բաշխվել բոլոր կառավարման մարմիններին, իսկ երկու օր առաջ դրանք պահեստավորվել են։ Կանաչապատման աշխատակիցները մաքրել են ստորգետնյա ու վերգետնյա անցումների աստիճանները, ինչպես նաև շենքեր տանող և այգիներ մտնող արահետները։ Այս գործընթացը շարունակվելու է առաջիկա օրերին։

«Երեկ և այսօր ծանրացած ենք եղել բազմաբնակարան և հասարակական շենքերի տանիքից կախված սառցաբեկորների մաքրմանը, թունելներում, ինչը զգացնել է տալու հատկապես այս օրերին, քանի որ ցերեկվա ջերմաստիճանը դառնում է դրական, գիշերվա կտրուկ սառցակալումից հետո նորից առաջանալու են սառցաբեկորներ, որը լուրջ վտանգ է սպառնում բնակչության անցուդարձին։ Մենք, այս երևույթները հաշվի առնելով, նաև այն քննադատությունը, որ եղել է, դրա որոշ հատվածում կա օբյեկտիվ կորիզ, մնացած մեկնաբանությունները բավական հեռու են եղել մասնագիտական աշխատանքը պատկերացնելուց և գնահատելուց, այնուամենայնիվ, հանրային կարծիքը մնում է հանրային կարծիք, որքան էլ անտեղյակության արդյունք լինի, բայց պիտի խնդրեմ ուղղակի չմթագնել այն մարդկանց աշխատանքը, որ օրուգիշեր իրականացրեցին»,- ասել է նա։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Արեյանը կոչ է արել վարչական շրջանների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ավտոլվացման կետերին, որոնք գիշերային ժամերին ջրի արտահոսքի պատճառով սառցակալման խնդիր են ստեղծում։ Նա նաև պահանջել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը խստորեն վերահսկի դիտահորերից արտահոսող կոյուղաջրերը և արագ վերացնի վթարները, որպեսզի դրանք չդառնան սառցակալման պատճառ, քանի որ ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչև ամսի 28-ը։

Արեյանը նշել է, որ աշխատանքները կշարունակվեն ցուրտ եղանակի ամբողջ ընթացքում։

Առատ ձյունը լուրջ դժվարություններ էր առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ էր առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։