AM
24 February 2025 - 10:04 AMT

Երևանում ՃՏՊ-ների հետևանքով ճանապարհը փակ կարող է լինել առավելագույնը 15 րոպե․ Նախագիծ է մշակվում

Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ նախատեսվում է սահմանել առավելագույնը 15 րոպե ժամանակահատված, որի ընթացքում կարելի է փակ պահել փողոցի երթևեկելի հատվածը։ Այդ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Եթե նշված ժամկետը գերազանցվի, նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել, հայտնում է 1lurer.am-ը։

«Երևան քաղաքում ամեն 10 կամ 20, կամ 30 հազար դրամ վնասի պատճառով, որը չափվում է արդեն տասնյակ, եթե ոչ 100 միլիոն դրամների ծախսով՝ վառելիքի, ժամանակի և նմանատիպ ռեսուրսների ծախս, որոնք արդեն մի 20-30 հազար դրամի պատճառով կորցնում ենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ընդգծել է վթարների հետևանքների արագ վերացման անհրաժեշտությունը։

Ավինյանն ընդգծել է որ ԱՊՊԱ համակարգը աղետ է դարձել քաղաքի համար։

Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- ասել է նա։

Ավինյանը դժգոհել է, որ հարցը երկար ժամանակ քննարկվում է, սակայն, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նախագծի վերաբերյալ գրավոր պատասխան չի տրամադրել։

Ավինյանը հավելել է, որ օրենքը պետք է հնարավորինս արագ ընդունվի և նշել, որ անձամբ կզբաղվի այս հարցով՝ շեշտելով, որ գործընթացը պետք է առաջ տանել անկախ այն հանգամանքից, թե որևէ գերատեսչություն կարծիք հայտնում է, թե ոչ։