Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ըՀՀ-ին պարտավորեցրել է մոտ 6000 եվրո փոխհատուցում վճարել լրագրող Հովհաննես Իշխանյանին։ Նա հայտնել է, որ փետրվարի 25-ին կներկայացնի իր դիրքորոշումը ՄԻԵԴ–ի՝ իր հայցով կայացրած որոշման վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հիշեցրել է, որ որոշումն առնչվում է 2015 թվականի «էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ իր ազատության և հավաքների իրավունքի խախտմանը։
«Դիրքորոշումս կապված է Հայաստանի ավտորիտարացմամբ Արցախը հանձնելու և Բաքվում կեղծ դատվող հայ ժողովրդավար գործիչների հետ։ Այն կհրապարակվի սոցիալական ցանցերում ու կփոխանցվի լրատվամիջոցներին, անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։ Փետրվարի 25-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ծննդյան օրն է»,- գրել է Իշխանյանը։
«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Իշխանյանին ոստիկանությունում 7 ժամ պահելը՝ թաց հագուստով և առանց հանգստի, հավասարազոր է եղել ազատությունից զրկելուն։ Դատարանը նաև արձանագրել է, որ Իշխանյանի կալանավորման համար իրավական հիմքեր չեն եղել։
2015 թվականի մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացում 1 կՎտ/ժ-ի համար։ Հունիսի 17-ին հանձնաժողովն ընդունել էր որոշում, ըստ որի՝ օգոստոսի 1-ից սակագինը պետք է բարձրանար 6.93 դրամով։
2015 թվականի հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սկսել էր բողոքի ցույցեր՝ պահանջելով չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը։ Ցուցարարները իշխանություններին 72 ժամ էին տվել այդ որոշման գործողությունը կասեցնելու համար։