Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք խստացնում են պարգևատրական զենքերի իրավական կարգավորումը։
Մինչև 2025-ի հուլիսի 1-ը բոլոր պարգևատրական զենք ունեցողները պետք է իրենց զենքերը ներկայացնեն ոստիկանություն։ Նշվում է, որ այս պահանջը որևէ քրեաիրավական հետևանք չի առաջացնի, հայտնում է Արմենպրեսը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ հրազենի կիրառմամբ հանցագործությունները լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար, ուստի ոլորտի վերահսկողության խստացումը կարևոր է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Այս փոփոխության նպատակն է ստեղծել միասնական չափորոշիչներ պարգևատրական զենքի հատկացման համար, վերացնել անորոշությունները և ապահովել կանխատեսելի անվտանգային համակարգ։
Պարգևատրական զենքերը կպահպանվեն միայն այն անձանց մոտ, ովքեր կհամապատասխանեն նոր սահմանված չափանիշներին։ Միևնույն ժամանակ, պարգևատրական զենքերի հատկացման մեխանիզմը կմնա անփոփոխ՝ այն իրականացվելու է բացառապես ՀՀ վարչապետի որոշմամբ։
Ոստիկանություն ներկայացված զենքերը հնարավոր կլինի օգտագործել գիտակրթական նպատակներով կամ թանգարանային ցուցադրությունների համար։
Նախագծի ընդունմամբ պետությունը կուժեղացնի վերահսկողությունը, ինչը կնպաստի ապօրինի շրջանառության կրճատմանը և հանրային անվտանգության ամրապնդմանը։