AM
24 February 2025 - 13:35 AMT

ԿԳՄՍՆ-ի պահանջը՝ բացառել «Վերջին զանգի» շրջանակում դրամահավաքությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում «Վերջին դաս» միջոցառումները կազմակերպել մշակութային կրթության տարվա շրջանակում։

Նախարարության գրության մեջ նշվել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կանցկացվեն կրթամշակութային բովանդակությամբ։

Մշակութային ձևաչափի խրախուսման նպատակով նախարարությունը նախատեսում է մրցույթի անցկացում․ կձևավորվի ժյուրի, որը կընտրի լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցներին, և դրանք կստանան պարգևներ։

Միևնույն ժամանակ, շրջաբերականում հստակ նշվել է, որ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառվի պարտադրված դրամահավաքությունը։

«Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- մասնավորապես նշվել է շրջաբերականում։

Նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին։

Նախարարությունը տեղեկացրել է, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարով։