2025 թվականի 8-րդ շաբաթվա ընթացքում (փետրվարի 17-23) ՀՀ–ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության որոշակի նվազում։
Տվյալ ժամանակահատվածում սուր շնչառական վարակների պատճառով հոսպիտալացվել 1 880 հիվանդ, որոնց 92․8%-ը կազմում են 0-18 տարեկան անձինք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացման ցուցանիշները գրեթե չեն տարբերվում նախորդ շաբաթվա տվյալներից։
Թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել է 568 հիվանդ, որոնցից 70%-ը 0-18 տարեկան են։ Այս ցուցանիշը ևս մնացել է նույն մակարդակի վրա՝ նախորդ շաբաթվա համեմատ։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 24 դեպք։ Ցուցանիշը մնացել է նույնը նախորդ շաբաթվա համեմատ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ։
Հայաստանում շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ տարածված են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, ռինովիրուսը և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչները։
2025 թվականի փետրվարի 20-ի դրությամբ հանրապետության դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդացության ընդհանուր ցուցանիշը կազմել է 2․0%, իսկ բացակաների մասնաբաժինը՝ 23․2%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդացության ցուցանիշը կազմել է 1․1%, իսկ բացակաների մասնաբաժինը՝ 28․9%։
Առողջապահության պատասխանատուները արձագանքման միջոցառումներ են իրականացնում այն դպրոցներում, որտեղ գրիպի և սուր շնչառական վարակների պատճառով միաժամանակ բացակայում է աշակերտների 25%-ը։