ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ պարեկները կազմել են 286 կեղծ արձանագրություն՝ մոտ 50 դեպքի շրջանակում։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի աշխատակիցները 2023-2024 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ։ Դրանք ձևակերպվել են այն վարորդների անունով, որոնք որևէ խախտում չեն կատարել, և այդ գործընթացն իրականացվել է առանց նրանց մասնակցության։
Յուրաքանչյուր պարեկ կազմել է մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել այդ անձանց 5000-100,000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ։ Արձանագրությունները գրանցվել են փաստաթղթերի տեղեկատվական համակարգում։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 286 կեղծ արձանագրություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակում պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով մեղադրանք է առաջադրվել 19 պարեկի։ Նրանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով։ Մնացած 17 մեղադրյալների գործերով նախաքննությունն ավարտվել է, և դատախազի հաստատած մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։
Հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






