AM
25 Փետրվար 2025 - 07:54 AMT

Երևանում բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկները․ Նրանք շտապում էին կանչի

Երևանում շտապօգնության բժիշկները բռնության են ենթարկվել՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ բժիշկները շտապել են օգնության կանչին՝ անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու։

«Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:

Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է Ավանեսյանը։

Օրեր առաջ նմանօրինակ դեպք է գրանցվել նաև Շիրակի մարզում, որտեղ բռնության է ենթարկվել շտապօգնության բուժակը։