AM
25 February 2025 - 10:33 AMT

ԱՆԻՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրվարույթներից 2–ը վերաբերում է Ավինյանի պաշտոնավարման տարիներին

ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Այդ գործերից մեկը նախաձեռնվել է «Փաստինֆոյի» հրապարակումից հետո՝ ԿԿՀ գրության հիման վրա, որը վերաբերում էր Տիգրան Ավինյանի՝ միաժամանակ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հանգամանքին։ 2019-2023 թթ․ նա եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, մինչդեռ այդ ժամանակահատվածում համատեղել է նաև ՀՀ փոխվարչապետի (2018-2021) և այնուհետև Երևանի փոխքաղաքապետի (2022-2023) պաշտոնները։

«Փաստինֆո»-ն անդրադարձել էր օրենսդրական սահմանափակումներին, որոնք արգելում են նմանատիպ համատեղումները։ Այդ հրապարակումից հետո ԿԿՀ-ն պահանջել էր ԱՆԻՖ-ից 2019-2023 թվականներին իրականացված ոլորտային ծրագրերի, դրանց հաշվետվությունների, ինչպես նաև տնօրենների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճենները։ Այս փաստաթղթերը, ուսումնասիրվելուց հետո, ուղարկվել էին դատախազություն, որը դրանք փոխանցել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ հարուցվել էր քրեական վարույթ։

Եվս մեկ վարույթի մասին հանրությանը հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում հայտնաբերվել են չարաշահումներ։ Սակայն այժմ պարզ է դարձել, որ կա նաև երրորդ վարույթ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ հետաքրքրվելու Տիգրան Ավինյանի միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու գործի ընթացքի վերաբերյալ։

ՔԿ-ից հայտնել են, որ «2023 թ. ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023թ. մայիսի 2-ին, ենթակայության կանոններին համապատասխան, փոխանցվել է Քննչական կոմիտեին։

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»։

Ինչ վերաբերում է երրորդ վարույթին, ապա այն նախաձեռնվել է 2024 թվականի աշնանը՝ ԱՆԻՖ-ի լուծարման կառավարության որոշումից հետո։

ՔԿ-ից պարզաբանել են. «2024թ․ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերին 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրություններն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահման վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել են քրեական վարույթներ»։

ՔԿ-ից հավելել են, որ բոլոր հարուցված գործերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչություն՝ հետագա համատեղ նախաքննություն իրականացնելու համար։

Քննության ընթացիկ փուլում ՔԿ-ն նպատակահարմար չի համարել հրապարակել այլ մանրամասներ։

Ուշագրավ է, որ առաջին քրեական վարույթը սկսվելուց արդեն երկու տարի է անցել, սակայն առայժմ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,- հայտնել են ՔԿ-ից։

Տիգրան Ավինյանի լիազորությունները ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում դադարեցվել են 2023 թվականի սեպտեմբերին, ուստի մինչ այդ արձանագրված չարաշահումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին։