AM
25 February 2025 - 12:10 AMT

Հանցավոր խումբը ֆինանսական բուրգ է ստեղծել՝ ներգրավելով 10,000-ից ավելի ներդրողներով

Հանցավոր խումբը ստեղծել է 10,000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ, հայտնում է Քննչական կոմիտեն։

2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն, վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով, հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը։ Դրա շրջանակում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով գովազդվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ։

Մասնավորապես, բջջային հավելվածի օգտատերերին տրվել է հնարավորություն փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև։ Միևնույն ժամանակ, թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումար մուտքագրել և կանխիկացնել՝ վճարահաշվարկային համակարգերի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակների և կրիպտոարժույթի միջոցով։ Յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուներից գանձվել է շրջանառվող գումարի 8-16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի։ Այս ընթացքում շրջանառության մեջ է դրվել 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթ։

Արդյունքում, խումբը, գործելով ոչ իրավաչափ եղանակով, ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով ներկայացրել է «crypto one» էլեկտրոնային արժույթը որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական 1 տոկոս շահույթի խոստումով։

Այս քայլերի արդյունքում ձևավորվել է ֆինանսական բուրգ՝ 10,000-ից ավելի ներդրողների մասնակցությամբ, որի շրջանակում ներգրավվել է առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք միջոցներ։

Ներդրումային հոսքերը խթանելու նպատակով ֆինանսական բուրգի կազմակերպիչները սոցիալական ցանցերում հայտարարել են, թե կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ։ Սակայն նոր ներդրումային հոսքեր ապահովելուց և ձեռք բերված գույքային միջոցներին տիրանալուց հետո կտրուկ փոխվել են նախապես խոստացված պայմանները՝ «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը նվազեցնելով մի քանի հարյուր անգամ, ինչը բազմաթիվ ներդրողների գումարներն ամբողջությամբ զրոյացրել է։

Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։