AM
26 February 2025 - 07:13 AMT

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ 3-5 աստիճանով կտաքանա

Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածն՝ արգելված է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) դժվարանցանելի է և փակ բեռնատարների համար։

Շիրակի մարզում Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ճանապարհները, ինչպես նաև Սիսիան-Գորիս, Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ Նորավան-Տաթև ճանապարհը՝ միակողմանի։

Սյունիքի մարզում դժվարանցանելի են Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող հատվածը, Ամասիայի, Աշոցքի միջհամայնքային ճանապարհները, ինչպես նաև Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ, Տաթև-Լծեն և Ալագյազ-Արթիկ ճանապարհները։

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ամասիայի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում դիտվում է բուք։

Վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 26-27-ին, մարտի 1-ի ցերեկն ու 2-ի գիշերը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է ձյուն։ Հանրապետության ճանապարհներին կանխատեսվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, ինչպես նաև մարտի 1-ի գիշերը և 2-ի ցերեկը, եղանակը կլինի առանց տեղումների։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Քամին հարավարևմտյան ուղղության է՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Երևանում փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը, ինչպես նաև մարտի 1-ի երեկոյան հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը և մարտի 2-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։

Փետրվարի 26-ի ցերեկային ժամերին Երևանում կանխատեսվում է 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -1…-3 աստիճանի։