AM
26 February 2025 - 07:35 AMT

ԱԳ փոխնախարարը ՄԹ հատուկ բանագնացի հետ քննարկել է Ադրբեջանի հետ կարգավորման հարցերը

Փետրվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանի հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության ապահովման վերաբերյալ։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը միտված է տարածաշրջանում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը։ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է այս հարցում Հայաստանի պատրաստակամությունը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։