AM
26 February 2025 - 08:00 AMT

«Երևանի ավտոբուսը» չի մեկնաբանում վարորդներին ուղղված հրահանգներով ձայնագրությունները՝ «չեն մուծում, մի քշեք»

Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին:

Տարածված ձայնագրություններից մի քանիսում լսվում է, թե ինչպես են վարորդներին հորդորում հետևել ուղևորավճարի պահանջին և չշարժվել, եթե վճարումը չի կատարվում, հայտնում է Factor.am-ը։

Ահա դրանցից մի քանիսը․

«Տղե՛րք, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»։

«Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք, ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում»։

«Եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor TV-ին ասել է՝ տեսել է հրապարակումները, բայց չի մեկնաբանում։

Նշվում է նաև, որ վերջին շրջանում ավտոբուսներում տեղադրվել են երկրորդ վալիդատորներ, որպեսզի ուղևորները կարողանան վճարել նաև երկրորդ դռնից մտնելիս։ Սակայն, հաշվի առնելով առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտի գերբեռնվածությունը, երբեմն ուղևորները ստիպված են լինում բարձրանալ երկրորդ կամ երրորդ դռնից՝ առանց վճարելու հնարավորություն ունենալու։

Տարածված ձայնագրություններում շեշտվում է նաև, որ երկու դռները միաժամանակ բացելու արգելքը կարող է անհասկանալի լինել, քանի որ դա կարող է բարդացնել երթևեկությունը՝ հատկապես գերբեռնվածության պայմաններում։

Մինչ այս քաղաքային իշխանությունն ու ընկերությունը պնդում էին, որ վարորդներին որևէ պարտադրանք չի տրվել, այլ միայն հորդորվել է ուղևորներին խնդրել վճարել ուղեվարձը։ Սակայն հրապարակված ձայնագրությունները, ըստ էության, հակասում են այդ պնդմանը։

Ուղեվարձի 100 դրամ սակագնի թանկացումից հետո պարբերաբար արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները հրաժարվել են վարել ավտոբուսը՝ չվճարող ուղևորներին իջեցնելով։ Սակայն նրանց աշխատանքային պայմանագրերում նման պարտավորություն ամրագրված չէ․ վարորդները կարող են միայն հիշեցնել ուղևորներին վճարելու անհրաժեշտության մասին, բայց ոչ հրաժարվել երթևեկությունից։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: