Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը: Այդ մասին հայտնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ այն հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ փետրվարի սկզբին։
Երևանից ժամանած մասնագիտական խումբը, նախնական ծրագրի համաձայն, Գյումրիում աշխատելու է 2-3 շաբաթ։ Ծրագրի շրջանակում կատարվելու է կենդանիների գլխաքանակի կանոնակարգում։ Շները տեղափոխվելու են կլինիկա, որտեղ ենթարկվելու են հետազոտության։
Առողջ կենդանիները ստերջացվելու և պատվաստվելու են կատաղություն հիվանդության դեմ, իսկ հիվանդ շները, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթարկվելու են էվթանազիայի։
«Այսօր արդեն Գյումրին ունի հարմարեցված կլինիկա, որտեղ իրականացվելու են կենդանիների հետազոտություններն ու վիրահատությունները: Տարածքն ունի նախավիրահատական բլոկ, վիրահատարան և կենդանիների պահման առանձնացված հատվածներ»,- նշել է Սարիկ Մինասյանը։
Նա հավելել է, որ ծրագրի հետ զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև քաղաքում շների ապաստարան ստեղծելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակում ստերջացված և կատաղություն հիվանդության դեմ պատվաստված շները ականջներին կկրեն կազմակերպության դրոշմով վարդագույն կլոր տարբերանշան։
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը միակ պետական կառույցն է Հայաստանում, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և նրանց գլխաքանակի վերահսկմամբ։






