Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։
Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս գործող ֆինանսավորման համակարգը պահանջում է բարեփոխումներ, քանի որ դեռևս հստակեցված չեն պետական աջակցության պայմաններն ու մեխանիզմները, ոլորտային առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները։ Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները կստեղծեն ավելի նպաստավոր միջավայր կինեմատոգրաֆիստների համար։
Նախագծով սահմանվում է, որ ազգային ֆիլմերի ֆինանսավորման գործընթացը պետք է ունենա կանոնակարգված աջակցության ձևեր ու պայմաններ՝ միջազգային շուկայի վերլուծության հիման վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններին, ինչը կխթանի յուրաքանչյուր ուղղությամբ կինոարտադրության զարգացումը։
Մրցութային համակարգը միտված է նաև ձևավորելու հայկական ֆիլմերի և մասնագետների մրցակցային միջավայր՝ նպաստելով դրանց մրցունակությանը միջազգային շուկայում։
Նախագծի համաձայն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին) կանցկացնի Ազգային ֆիլմերի նախագծերի մրցույթներ։ Դրանց հաղթողներին ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեի միջոցներից կտրամադրի ֆինանսական աջակցություն։
Մրցույթներին կարող են մասնակցել ՀՀ տարածքում գործող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են կինեմատոգրաֆիայով։ Դրանք նախատեսված են թե՛ լիամետրաժ (52 րոպե և ավելի), թե՛ կարճամետրաժ (մինչև 52 րոպե) խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։
Մրցութային ընթացակարգի շրջանակում նախատեսվում է ստեղծել գնահատող փորձագիտական հանձնաժողով՝ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի դրույթների։
Ոլորտի կազմակերպություններն ու շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև 2025 թվականի մարտի 4-ը։