AM
27 February 2025 - 08:28 AMT

Նոր Նորքում բնակիչներին է վերադարձվել ավելի քան 14,000 քմ հանրային տարածք

2024–ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել 14,100 քառակուսի մետր հանրային տարածք, որոնք ազատվել են ինքնակամ կառուցված ցանկապատերից ու շինություններից։ Այդ մասին հայտնել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Առաքելյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Այդ տարածքները հիմնականում բակային հատվածներում էին, որոնք ժամանակին յուրաքանչյուր մարդ իր համար վերցրել, ցանկապատել է ու, կարելի է ասել, ո՛չ մշակում էր, ո՛չ օգտագործում։ Բոլորը բացազատվել են։ Հիմա այդ տարածքները դարձել են ընդհանուր բաժնային սեփականության մաս։ Այնտեղ, որտեղ այգիներ կան, կարգի են բերվել, մշակվել, տրամադրվել բնակչությանը։ Մնում է, որ շարունակեն մշակել», – ներկայացրել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները դրական են գնահատել գործընթացը, և աշխատանքների իրականացման ընթացքում խնդիրներ չեն առաջացել։

Բարեկարգման ծրագրում ընդգրկված վայրերում բացազատված տարածքները վերածվել են խաղահրապարակների, ժամանցի գոտիների՝ նստարաններով, խաղերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Առաքելյանը նշել է, որ գրեթե բոլոր բակերում կային ավտոտնակներ, որոնք նույնպես ապամոնտաժվել են՝ ներառվելով ստեղծվող կանաչ տարածքներում։

Նա հավելել է, որ գործընթացի ընթացքում պահպանվում են տարածքում առկա բոլոր ծառերը, այդ թվում՝ խաղողի վազերը, իսկ բարեկարգման շրջանակում վերականգնվելու են նաև ոռոգման համակարգերը։

Այս տարի բացազատման աշխատանքները կշարունակվեն, արդեն կազմվել են ցուցակներ և իրականացվել չափագրումներ։

«Այս տարվա համար արդեն լրիվ ցուցակագրված, չափագրված է։ Հայտարարվել է մրցույթ, և, երբ մրցույթը կայանա ու եղանակը բարենպաստ լինի, ապա տվյալ կազմակերպության հետ համատեղ կշարունակենք բացազատել մնացած տարածքները։ Նախատեսել ենք բացազատել մոտ 20-21 հազար քառակուսի մետր։ Ամեն ինչ, սակայն, կախված է աշխատանքների ընթացքից», – նշել է Առաքելյանը։

Անդրադառնալով գործընթացի ամբողջական ավարտի ժամկետներին՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը շեշտել է, որ աշխատանքները շարունակական են և կախված են իրականացվող տեմպերից ու ֆինանսավորման ծավալներից։

«Պատկերացրեք, ինչքան շենք կա, այնքան բացազատման կարիք ունեցող տարածքներ կան, որոնք բոլորը նախկինում զավթված են եղել։ Այդ գործընթացը 1-2 տարվա չէ։ Այն շարունակական է և կախված է, թե ինչ տեմպերով կլինի, ծրագրով որքան գումար կտրամադրվի։ Այդ բոլորը պետք է հաշվարկենք», – մանրամասնել է Առաքելյանը։

Նա հավելել է, որ ամբողջ վարչական շրջանի տարածքները դեռևս չափագրված չեն, քանի որ այն մեծ ընդգրկում ունի, և նման խնդիր առկա է բազմաթիվ բակերում։