Հայաստանի տարբեր հատվածներում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բեռնատարների համար փակ են Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, սակայն մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դժվարանցանելի է։
Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ճանապարհները, ինչպես նաև Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բոլոր տեսակի մեքենաների համար դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող ճանապարհը, ինչպես նաև Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ և Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները։
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» ճանապարհին և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, որոշ հատվածներում բուք է։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։