Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է քննարկելու Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հայտնել է, որ 20-30 հոգանոց խմբերով մասնակիցները կհրավիրվեն կառավարություն:
«Նախորդ շաբաթ հրապարակվել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագիծը, որը լայնորեն քննարկվում է ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ մամուլում և հանրության տարբեր շրջանակներում։
Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը»,–ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը հավելել է, որ հանդիպման հայտ կարելի է ներկայացնել նաև անհատապես։
«Եվ Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,–գրել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: