AM
27 February 2025 - 08:53 AMT

ԱՄՆ դեսպանատուն․ Միանում ենք հայերին` սգալով Սումգայիթում զոհերի հիշատակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնել հայ ժողովրդին՝ 1988թ․ Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ։

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի 26-ի երկրորդ կեսից մինչև փետրվարի 29-ը հայկական ջարդերը նորագույն խորհրդային պատմության մեջ ազգային հողի վրա բռնության առաջին զանգվածային պայթյունն էր: Դրանք տևեցին երեք օր և ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ: Ջարդերի հանգամանքների պատշաճ հետաքննություն չանցկացվեց, մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, ինչն էլ ավելի սրեց Ադրբեջանի ու Ղարաբաղի հայ բնակչության դեմ բռնության ալիքը:

Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։