AM
27 February 2025 - 11:03 AMT

ՆԳ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Փետրվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը։

ԵՄ դեսպանը նաև դրական է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության շրջանակում իրականացված աշխատանքները՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային առումով։ Կողմերը նախանշել են երկրորդ գնահատման առաքելությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ գործողությունները։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների աջակցման համար։

Վասիլիս Մարագոսը, բարձր գնահատելով ՆԳ նախարարության հետ համագործակցությունը, նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել և ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքը, արձանագրված արդյունքները և համատեղ նախատեսվող նոր քայլերը։

Հանդիպման ավարտին կողմերը ձևավորել են համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա անելիքները՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։