AM
27 February 2025 - 13:35 AMT

«Ուիգմոր» ԲԿ-ում պլաստիկ վիրահատությունից կին է մահացել․ Քրվարույթ է նախաձեռնվել

«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է պատասխանատվություն բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մահ առաջացնելու համար։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը հայտնել էր ողբերգական դեպքի մասին։

«Մ.Մ.-ն ընդունվել է «Ուիգմոր» փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:

Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ», – հայտնել էր Պողոսյանը՝ ընդգծելով, որ կնոջ առողջական վիճակը նախքան վիրահատությունը նորմալ էր։

ՔԿ մամուլի խոսնակը նշել է, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և կատարվում են անհրաժեշտ քննության գործողություններ։

Նմանատիպ դեպք ավելի վաղ գրանցվել էր «Արթկոսմեդ» էսթետիկ բժշկական կենտրոնում, որտեղ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին պլաստիկ վիրահատությունից հետո մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Կնոջ ամուսինը մեղադրում է բժշկին՝ պնդելով, որ նա միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է կատարել։

Կենտրոնի ղեկավար, վիրահատությունն իրականացրած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանը կնոջ մահը պայմանավորել էր սրտի կաթվածով։ ՔԿ-ն այս դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնել նույն հոդվածի հատկանիշներով, սակայն արդեն հինգ ամիս է՝ գործով որևէ առաջընթաց չկա, մեղադրյալներ չկան։

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ այս գործով նշանակվել են դիակի դատաբժշկական և հանձնաժողովային փորձաքննություններ, սակայն դրանց արդյունքները դեռևս չեն ստացվել, և նախաքննությունը շարունակվում է։

Այս դեպքից հետո քննարկվել է «Արթկոսմեդ» կենտրոնի լիցենզիան կասեցնելու հարցը։ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ տեսչական մարմինը միջնորդել է կասեցնել կենտրոնի լիցենզիան, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։