ՀՀ–ն և Հունգարիան համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծեն, որը համակարգելու և խթանելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։ Նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։
Համաձայնագրի նպատակն է ապահովել փոխշահավետ համագործակցություն տնտեսական բոլոր առանցքային ոլորտներում։ Նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ ներառելով առևտրի, դեղագործության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման ոլորտները։
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին՝ 10 տարվա դադարից հետո։ Հիշեցնենք, որ 2012 թվականին Հայաստանը խզել էր կապերը Հունգարիայի հետ, երբ վերջինս Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին՝ 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպային։ 2024-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Հունգարիայում դեսպանություն բացելու վերաբերյալ։