Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները պետք է լինեն ինտենսիվ։ Նա կարևորել է, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակային է։
Լրագրողների հարցին, թե արդյոք սահմանազատումը կշարունակվի Տավուշի ուղղությամբ, փոխվարչապետը պատասխանել է. «Հյուսիսային անկյունից է սկսվելու», հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը, հանձնաժողովների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա՝ օրակարգում եղած հարցերը քննարկելու նպատակով։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի հաջորդ հանդիպման հստակ ժամկետին, Գրիգորյանը չի նշել կոնկրետ ամսաթիվ։
«Բայց պայմանավորվածություն կա, որ ինտենսիվ պետք է լինեն հանդիպումները»,–ասել է նա։
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։