Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 3-4-ին Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկն ու 2-ի գիշերը որոշ շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան ուղղությունից է՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 28-ին սպասվում է ուժգնացում՝ հասնելով 17-20 մ/վ, իսկ լեռնային գոտիներում հնարավոր են բուքեր և ցածր տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա մոտ 2-3 աստիճանով։
Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, ինչպես նաև 2-4-ին տեղումներ չեն կանխատեսվում, սակայն մարտի 1-ի երեկոյան հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 28-ի ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան տաքության սահմաններում, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով 0-…-2 աստիճանի։
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները փակ են։ Բերդ-Ճամբարակ ճանապարհը նույնպես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի։
Սյունիքում դժվարանցանելի են Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, ինչպես նաև Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից դեպի Քաջարան տանող ճանապարհները՝ հատկապես կցորդիչով բեռնատարների համար։ Բացի այդ, Ալագյազ-Արթիկ և Մ-3 ավտոճանապարհից դեպի Լեռնապար տանող հատվածները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։