ԴՕԿ կուսակցությունը հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, բայց ձերբակալվածի կարգավիճակ չունի։
«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։
Սկզբում նշվել էր, որ Վարդան Ղուկասյանը մոտ երկու-երեք օրվա ընթացքում կլինի տանը, սակայն այժմ հաստատվում է, որ նա գտնվում է վերահսկողության տակ, առանց ձերբակալվածի կարգավիճակի։ Ավելի վաղ ասվել էր, որ փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը կապ է հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց միջև հաղորդակցությունը դադարել է։ Հետագա փորձերի ժամանակ տեղեկացվել է, որ Ղուկասյանը չի կարող խոսել, քանի որ իրեն հանգիստ է անհրաժեշտ։
Այս իրավիճակը հանրության շրջանում անհանգստություն էր առաջացրել։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը հերքել է շրջանառվող լուրերը, թե Ղուկասյանը ենթարկվել է բռնության։ Այդ պնդումներում նշված անձն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով իր առնչությունը որևէ նման միջադեպին։
Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է։