AM
28 Փետրվար 2025 - 10:42 AMT

Ավանեսյանը՝ սոցկրեդիտի մասին․ Պետք է անցնենք անկանխիկ վճարումների

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով պարտադիր համընդհանուր հայտարարագրման շրջանակում նախատեսված սոցիալական կրեդիտի առողջապահական բաղադրիչին, կարևորել է անկանխիկ վճարումները։

«Սոցիալական կրեդիտի վերադարձման մեխանիզմը հայտարագրումն է, որի շրջանակներում փաստված ծախսերը առողջապահության մասով 50 հազար դրամի սահմաններում հետ կվերադարձվի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը պարզաբանել է, որ փաստված ծախսերը վերաբերում են այն դեպքերին, երբ քաղաքացին ապահովագրական ընկերության հետ պայմանագիր ունի և վճարում է կատարել կամ ատամնաբուժական ծառայություններից օգտվելիս վճարել է անկանխիկ եղանակով։ Այդ դեպքում նա կարող է օգտվել սոցիալական կրեդիտից։

Ավանեսյանը շեշտել է, որ առողջապահության ոլորտում բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով, ինչը հնարավորություն է տալիս առանց բարդությունների ստանալ վճարված գումարի փաստագրում։ Նա նաև հորդորել է, որ քաղաքացիները հնարավորինս բոլոր ոլորտներում անցնեն անկանխիկ վճարումների, քանի որ առաջիկայում նոր որոշումներ են սպասվում։

Նրա խոսքով՝ աշխատող հայտարարատուն սոցիալական կրեդիտի շրջանակում կարող է մինչև 50 հազար դրամի փոխհատուցում ստանալ ընտանիքի անդամի ատամնաբուժական ծախսերի դիմաց։ Եթե ընտանիքի երկու անդամ հայտարարատու է, ապա նրանց ընդհանուր սոցիալական կրեդիտը առողջապահական ծախսերի համար կհասնի 100 հազար դրամի։ Սակայն յուրաքանչյուր հայտարարատու ամեն տարի կարող է ստանալ առավելագույնը 100 հազար դրամի կրեդիտ՝ առողջապահության և կրթության համար։

«Անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար էլ ավելի ընդլայնված հետվերադարձի ծրագրեր են լինելու, դրա համար էլ հենց այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխարինենք անկանխիկի»,- ընդգծել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում պետական կառույցներում՝ ՊՈԱԿ-ներում և ՀՈԱԿ-ներում, աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր չեն օգտվում սոցփաթեթից, ապահովելու սոցիալական կրեդիտի միջոցով հավասարեցված ծառայություններ։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։