AM
28 February 2025 - 10:47 AMT

Ավինյան․ Փուլ առ փուլ ազատելու ենք տարածքները սրճարաններից

Փետրվարի 28–ին քանդման աշխատանքներ են իրականացվել Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանի տարածքում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է եղել և հետևել աշխատանքների ընթացքին։

«Մոտ 1000 քմ տարածքի վրա քանդման աշխատանքներ են իրականացվում։ Այս հատվածն ամբողջապես վերափոխվելու է ավելի կանաչ տարածքի, և վարձակալը չի շարունակելու իր պայմանագիրը։ Նա հանձնել է ամբողջ տարածքը քաղաքին»,- ասել է քաղաքապետը՝ ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, հայտնում է Radar.am-ը։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Օպերայի շրջակայքում կանաչ տարածքները նկատելիորեն նվազել են, իսկ սրճարանների թիվը՝ աճել։

«Մի քանի տարի առաջ արդեն իսկ սկսվել էին Օպերայի շրջակայքում մասնակի քանդման աշխատանքներ, իսկ այսօր արդեն իրականացնում ենք սկսված գործի շարունակությունը։ Եվ փուլ առ փուլ տարբեր հատվածներ մաքրելու ենք ընդհանուր սրճարաններից, և ավելի շատ կանաչապատ հատվածներ ենք ունենալու»,- նշել է Ավինյանը։