AM
1 March 2025 - 08:17 AMT

Գարունը սկսվում է թույլ ձյունով և փոփոխական ջերմաստիճանով

Հայաստանի տարբեր հատվածներում մարտի 1-ի, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, ինչպես նաև 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Միաժամանակ, մարտի 2-ի ցերեկային ժամերին, 3-ի գիշերը, ինչպես նաև մարտի 5-ին տեղումներ չեն կանխատեսվում, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հարավարևմտյան ուղղությամբ քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ, սակայն մարտի 3-ին այն կուժեղանա՝ հասնելով 14-18 մ/վ, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է բուք՝ տեսանելիության նվազումով։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ընթացքում կնվազի 2-3 աստիճանով, իսկ Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 4-6 աստիճանով։ Այնուհետև ամբողջ երկրով մեկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում մարտի 1-ի և 3-ի երեկոյան, ինչպես նաև 4-ի գիշերը կտեղա թույլ ձյուն։ Մարտի 2-3-ի և 4-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև մարտի 5-ին տեղումներ չեն կանխատեսվում։

Մայրաքաղաքում մարտի 1-ի ցերեկը ջերմաստիճանը կկազմի 3-5 աստիճան տաքություն, մինչդեռ երեկոյան կնվազի՝ հասնելով -1…-3 աստիճանի։

Հայաստանի որոշ ճանապարհներ շարունակում են մնալ փակ կամ դժվարանցանելի, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մինչդեռ Բերդ-Ճամբարակ ճանապարհն ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, ինչպես նաև Մեղրու «Վարդանի ձոր» հատվածից-Քաջարան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Ալագյազ-Արթիկ ճանապարհին, ինչպես նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, իսկ Վանաձոր, Գորիս և Կապան քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։