Հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ՝ որպես պետությանը հասցված վնասի փոխհատուցում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվող թիվ ԵԿԴ/0050/01/16 քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ Գ.Մ.-ի հանձնարարությամբ օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ն, ինչպես նաև նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումներն իրականացրել էին ոչ պատշաճ։
Արդյունքում՝ 2007 թվականի նոյեմբերի 22-ին կազմված ստուգման ակտով ընկերությանը վերագրվել էր ընդամենը 3 միլիոն 605 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այն դեպքում, երբ փաստացի պետք է արձանագրվեր 299 միլիոն 342 հազար դրամի լրացուցիչ պարտավորություն։
Վերոնշյալ վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ի հանձնարարությամբ նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն 2008 թվականին կրկին ստուգել էին նույն ընկերությունը, սակայն կրկին ոչ պատշաճ ձևով։
Արդյունքում՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 1001538 ստուգման ակտով ընկերությանը վերագրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մինչդեռ իրականում այն պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ։