AM
1 March 2025 - 10:25 AMT

Փաշինյան․ Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբեք չի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։

«Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ, ոչ թե բացահայտելու, այլ՝ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Վարչապետը հավելել է, որ Մարտի 1-ի գործի քննությունը եղել և մնում է իր առաջնահերթությունների թվում։

Նա վստահեցրել է, որ Մարտի 1-ի գործի շրջանակում պետք է բացահայտվեն նաև բուն հրաման տվողները։

«Երբ ես ասել եմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի են ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ»,– նշել է, գրում է Aysor. am-ը։

Վարչապետը ընդգծել է, որ այս ամենը պետք է համապատասխան ընթացք ստանա և իրավական գնահատականի արժանանա։

«Բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները։ Գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքան դա հնարավոր է»,- հավելել է նա։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է որոշել՝ արդյո՞ք այս գործերի քննությունը պետք է անձամբ վերցնի և վարի։

«Եթե ուզում ենք փոխել մեր իրավակարգավորումները՝ փոխենք»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ ինքն անձամբ հավատում է բուն հրաման տվողներին բացահայտելու հնարավորությանը։

«Եթե չհավատամ, նման խնդիր չեմ դնի, ինչո՞ւ եմ խնդիր դնում՝ ի սկզբանե իմանալով, որ անհնար է լուծել, ինչո՞ւ եմ մարդկանց վատ վիճակի մեջ դնում։ Հավատում եմ»,- հավելել է նա։

2024-ի սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը, և Մարտի 1–ի գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): 2021–ի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: