AM
3 March 2025 - 10:21 AMT

ՔԿ․ ՀՖՖ-ի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից 9 երկրպագուի նկատմամբ քրվարույթ է հարուցվել

Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ»–«Արարատ–Արմենիա» հանդիպման ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության մեղադրանքով։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) ավելի վաղ հայտնել էր, որ ակցիայի ընթացքում 9 երկրպագու է ձերբակալվել։

Ըստ կազմակերպության՝ ակցիայի մասին նախապես հայտարարվել էր, և այն խաղաղ բնույթ էր կրում՝ նպատակ ունենալով պահանջել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

ՖԱՖ-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքող երկրպագուների նկատմամբ, ինչը կազմակերպությունը որակել է որպես «բռնի և ոչ համաչափ»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ կա 9 ձերբակալված անձ, ովքեր կկալանավորվեն 72 ժամով։

Փետրվարի 28-ից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։