Մարտի 3-ին՝ ժամը 21:17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն ուղեկցվել է հրդեհով։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված DAF մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, Toyota-ի վարորդն ու ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել հիվանդանոց։
Հրդեհը մեկուսացվել է 21:35-ին, ամբողջությամբ մարվել՝ 21:42-ին։ Կրակը վնասել է Toyota-ի շարժիչի խցիկն ու սրահը, ինչպես նաև DAF բեռնատարի կցորդիչի մոտ 2 քմ հատված։