AM
4 March 2025 - 06:57 AMT

Փաշինյան․ Մեր խնդիրն է ՀՀ շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում ընդգծել է որ հաճախ անտեսվում է այն կարևոր իրողությունը, որ դիվանագիտությունը հանդիսանում է երկրի արտաքին անվտանգության ապահովման հիմնարար գործիքներից մեկը։

Նա նշել է, որ դիվանագիտության խնդիրն է ՀՀ շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում։

«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և ՀՀ համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում: Բայց պիտի ևս մեկ անգամ ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և ասելիքի հաջողությունը»,- նշել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե որքանով է միջազգային հանրությունը կիսում այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք մենք համարում ենք արդարացի։

«Շատ պարզ բան. մենք պետք է համոզված լինենք, թե այն, ինչ ճիշտ և արդար ենք համարում, ինչքանով են ճիշտ և արդար համարում արտաքին միջավայրում, որովհետև եթե այս ճանաչողությունը չունենանք, շատ հաճախ զարմացած հայացքների կհանդիպենք և զարմացած հայացքներ կունենանք պարզ իրողություններ և պարզ ճշմարտություններ չհասկանալու փոխադարձ զգացողությունների մեջ»,- նշել է նա։

Վարչապետը կրկին անդրադարձել է այն տեսակետին, որ ժամանակակից աշխարհը մեզ համար դեռևս մեծապես անծանոթ միջավայր է մնում։

«Եվ սա պետք է խոստովանենք միմյանց, հակառակ դեպքում չենք կարող առաջընթաց ունենալ, նաև պետք է որոշակի լուծումներ փնտրենք և գտնենք: Այս առումով, իհարկե, շատ կարևոր է Արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ծառայության կարողությունների հզորացումը և շարունակական զարգացումը»,- նշել է նա։

Վարչապետը խոսել է դիվանագիտական ենթակառուցվածքների զարգացման մասին՝ նշելով, որ վերջին տարիներին որոշակի առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի դեսպանատների համար պատշաճ շենքերի առկայությունը նույնպես կարևոր նշանակություն ունի։

Վարչապետը նշել է, որ նախորդ տարին եղել է ակտիվ դիվանագիտական տարի։

«Մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, որոնք նախկինում չենք ունեցել, մենք զարգացնում և ճշգրտում ենք մեր նախկինում ունեցած հարաբերությունները, և սա պետք է դիտարկել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում: Այդ բալանսավորումների առանցքային պատճառը Հայաստանի Հանրապետության հավասարակշիռ վիճակը պահելու նպատակն ունի։ Այսինքն, մեր խնդիրն է՝ արտաքին հարաբերությունների հավասարակշռության միջոցով ՀՀ շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում»,- նշել է Փաշինյանը։

Խոսելով դիվանագիտության մեջ գործարքների դերի մասին՝ վարչապետը նշել է, որ միջազգային հարաբերություններում «ամենաշատ օգտագործվող բառերից մեկը deal բառն է, որը թարգմանաբար նշանակում է գործարք»։ Նա ընդգծել է, որ Հայաստանում այս բառը երբեմն բացասական ենթատեքստ է ստանում, մինչդեռ միջազգային հարաբերությունների առանցքային նպատակներից է պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը։

Փաշինյանն անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին՝ ընդգծելով, որ այն ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է։

«Բայց նաև մյուս կողմից պետք է հասկանանք և ի սկզբանե էլ գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը պետք է կառուցվի միջազգային միջավայրի, տարածաշրջանային հարաբերությունների և առկա հնարավորությունների խորը ճանաչման հիման վրա։

Վարչապետը նշել է, որ միջազգային հարաբերություններում ճիշտ հավասարակշռությունը կախված է ներկայիս իրավիճակից։

«Հույս ունեմ՝ այս միտքը շատ բարդ չհնչեց, որովհետև ցանկացած հավասարակշռություն կախված է նրանից, թե հենման կետը որտեղ է, իսկ հենման կետն այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները, այսօրվա սպառնալիքները և անհրաժեշտությունները»,- ընդգծել է Փաշինյանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի ընթացքում մի շարք դիվանագետներ ստացել են դիվանագետի վկայականներ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի խումբ դիվանագետների պարգևատրել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալով։

Եզրափակելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դիվանագիտական ծառայությունը շարունակաբար զարգացել է իր ստեղծման օրից և այսօր էլ զարգացման ընթացքի մեջ է։ Վարչապետը կարևորել է ինքնաքննադատության և ռեֆլեքսիայի դերը՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ տհաճ, բայց օգտակար հարցեր տալ։

«Մենք դա անում ենք ու ճիշտ ենք անում, որ այդպես անում ենք»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին իրենց աշխատանքի և նվիրվածության համար։