Հայկական ֆուտբոլի երկրպագուների FAF (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) շարժման 9 անդամ, որոնք բերման էին ենթարկվել ֆուտբոլային խաղի ժամանակ իրականացրած բողոքի ակցիայի համար, ազատ է արձակվել։ FAF-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել նրանց ազատման կադրերով։
«Տղերքն ազատության մեջ են` երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Պայքարը շարունակվում է` հրաժարականն անխուսափելի է»,–ասվում է գրառման մեջ։
Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և ընդհատել Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Արմենպրեսը։
9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիման վրա։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավելի վաղ դատապարտել է երկրպագուների նման վարքագիծը՝ ընդգծելով, որ եթե նման միջադեպերը կրկնվեն, իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։
FAF շարժումը մինչ այդ հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով տարբեր ակցիաները: