Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով իր շարասյան կողմից հղի կնոջ վրաեթրի գործով դատավարության մասին հարցին, ասել է, որ ինքը դատական համակարգի գործերին չի միջամտում։
«Ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում։ Ի՞նչ անենք, գերանդին առնենք ընկնենք սրա-նրա հետևի՞ց»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթը տեղի է ունեցել 2022–ին, սակայն դեպքից երեք տարի անց ունենեք անընդհատ ձգձգվող դատավարություն։
«Ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը գեթ մեկ օր պատասխանատվություն չի կրել, նույնիսկ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ, կարծեք՝ որևէ բան չի եղել։ Այս ամենն այնքան է ձգձգվել, որ օրինակ՝ Սոնա Մնացականյանի հայրն արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին դատական նիստին հորեղբայրը կաթված է ստացել։ Ես ուզում եմ հասկանալ՝ որևէ մեկը կարող է տրամաբանորեն բացատրել՝ ոնց է ստացվել, երբ հարցը վերաբերում է որևէ քպ-ականի կամ խնձոր նետածի, միանգամից՝ րոպեների ընթացքում հայտնաբերվում ու կալանավորվում են։ Բայց երբ հարցը վերաբերում է էսպիսի դեպքերին, որոնց պատասխատվությունը ձեզ է վերաբերվում, որևէ հետևանք դա չի ունենում։ Երկակիությունը, դատական գործերին միջամտությունն էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ»,- նշել է Վարդանյանը։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը դատական համակարգի գործերին չի միջամտում։
«Ես կարող եմ իմ անձնական օրինակը բերել, երբ մի շարք խնդրահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում՝ Սյունիքում տեղի ունեցած դեպքով, իմ դեմ գործողություն իրականացրած անձանձ նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Էլ չեմ ասում, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է որ պարտվում են»,–ասել է վարչապետը։
Անդրադառնալով Սոնա Մնացականյանի մահվան գործին՝ Փաշինյանը նշել է. «Տուժողին իմ հեռախոսի համարը տվել եմ։ Նոր բացեցի նայեցի՝ վերջին անգամ ինձ զանգահարել է 2022թ․-ի հունիսի 6-ին։ Դուք կամ տուժող կողմն ունե՞ք որևէ հիմք, որ ես միջամտություն եմ արել դատական գործին։ Ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի, ինչ լաբորատոր հետազոտություն ուզում է լինի։ Ես անգամ հեռախոսը չեմ վերցրել որևէ մեկին մի բան անգամ չեմ հարցրել։ Արդյունքում ստացվել է խայտառակ մի բան, սա խայտառակություն է, խայտառակություն։ Մյուս կողմից էլ՝ դա ապացույց է, որ ես ոչ մի անգամ հեռախոսս չեմ վերցրել ու ոչ մեկին խորհուրդ չեմ տվել»։
Վարդանյանն արձագանքել է` հիշեցնելով, որ վարչապետը նախկինում հեռախոսով հրահանգել է որոշ մարդկանց կալանավորել։
«Կա ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվության բացակայություն, օրինակ՝ դեպքի մեղավորին աշխատանքից ազատում»,- նշել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանը հավելել է. «Պետության մեջ կան մեխանիզմներ պատասխանատվությունը որոշելու։ Ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում։ Ի՞նչ անենք, գերանդին առնենք ընկնենք սրա-նրա հետևի՞ց»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով հերթական դատական նիստում նրա հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել։
2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր։