AM
6 March 2025 - 10:16 AMT

Հայկ Սարգսյան․ Բանակում ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանք է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, խոսելով ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին, կոչ է արել քաղաքացիներին հեռու մնալ առցանց կազինոներից։

Նա նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին ինքնասպանությունների զգալի մասը պայմանավորված է խաղամոլությամբ, հայտնում է Panorama.am-ը։

«Դժբախտաբար, սրանից անմասն չի կարող մնալ նաև բանակը, որը մեր հասարակության հայելին է։ 2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի իքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել։ Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք, ոչ միայն ձեզ, այլև ձեր ծնողներին, երեխաներին, ամուսիններին»,- ասել է Հայկ Սարգսյանը։

«Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք օնլայն կազինոներից։ Ես նույնպես ունեմ ընկերներ, որոնք տառապում են այս հիվանդությամբ»,- հայտարարել է նա ԱԺ ամբիոնից։

Նրա խոսքով՝ խաղամոլությունը լուրջ կախվածություն է, որն ունի հիվանդության բնույթ, ինչպես թմրամոլությունը, և այն հնարավոր է հաղթահարել։

«Այս հիվանդությամբ տառապող իմ ընկերներն ասում են, երբ հետ բերենք մեր կրված գումարները, այլևս չենք խաղա։ Սա ամենակործանարար միտքն է, որը կարող է լինել։ Մոռացեք կրված գումարները հետ բերելու մասին, այն չեք կարող հետ բերել։ Դրանց հետևից գնալով ավելի շատ եք կրվելու ու էլ ավելի շատ պարտքեր եք կուտակելու և կործանվելու եք վերջնականապես»,- ընդգծել է պատգամավորը։