ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովն ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկել է պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող որոշ օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը։
Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։
Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձաններ են ճանաչվել հետևյալ կառույցները՝
- Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.),
- Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.),
- Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․),
- Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ․ վերջ – 20-րդ դ. սկիզբ),
- Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռը (19-րդ դ․)։
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել՝
- Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ),
- Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.),
- Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար),
- Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․)։
Միաժամանակ քննարկվել են նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, այդ թվում՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտի (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ, երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռի (19-րդ դ․), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցու (13-14-րդ դդ․) և ևս 22 նորահայտ հուշարձանների պահպանության ապահովման հարցերը։
Հաստատված նախագծերը, ըստ սահմանված ընթացակարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարներին և համապատասխան պետական մարմիններին՝ համաձայնեցման, որից հետո վերջնական որոշումը կկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։