AM
7 March 2025 - 06:36 AMT

2024–ին «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետպատվերի շահառու չհանդիսացող 2682 անձ է ստենտավորվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 2024 թվականին «Ստենտ կյանքի համար» ծրագրի շրջանակում 2682 քաղաքացի, ովքեր պետական պատվերի շահառու չէին, անհապաղ հետազոտվել և ստենտավորվել են։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր է բժշկական թանկարժեք միջամտությամբ, որը պահանջում է` մասնագիտական պրոֆեսիոնալիզմ, ֆինանսական մասի անհապաղ լուծում։

Հենց այս երկրորդ բաղադրիչի ապահովումը հնարավոր է դարձել պետպատվերի շնորհիվ: Իհարկե կարիքը և պահանջը ավելի մեծ է, բայց վստահորեն կարող եմ արձանագրել, որ ձեր վճարած հարկերից մի կարևոր մաս ուղղվում է կյանքեր փրկելուն»,- ասվում է գրառման մեջ։