Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի հաշվարկը կատարվելու է արգելանքի վերցնելու պահից, հայտնում է «Հետքը»։
Դատարանը հիմնավոր է համարել, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, Ջալալ Հարությունյանը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Ջուվառլու բնակավայրի մոտակայքում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։
«Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային զորքեր են»,– ասվում է դատավճռում:
Դատական քննության ընթացքում հարցաքննվածները նշել են, որ Ջալալ Հարությունյանը միանշանակ պնդել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։
Դիվիզիոնի ողջ անձնակազմը դատարանում ընդգծել է, որ եթե սկզբնական հրամանը պահպանվեր, հնարավոր կլիներ անվնաս նահանջել։ Սակայն Ջալալ Հարությունյանը չեղարկել է «կրակային դիրքը թողնելու» հրամանը, ինչից հետո անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Միևնույն ժամանակ, հրամանատարական կետից փոխանցվել են նոր հրահանգներ թիրախների վերաբերյալ։
Դատարանը եզրակացրել է, որ Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական ազդեցություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու վրա, ինչի հետևանքով հակառակորդի ուժերը մոտեցել են դիրքերին և սկսել մարտական գործողություններ։
Դրա հետևանքով զոհվել են 1-ին մարտկոցի 20 զինծառայողներ՝ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայողներ, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս մնում է անհայտ։
Դատարանը շեշտել է, որ հրամանատարական դիտակետը, կրակային դիրքերը, ինչպես նաև 8 հատ Դ-20 հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը և գաղտնի փաստաթղթերը հակառակորդի վերահսկողության տակ են անցել։
Դատավճռում նշվել է, որ ՊԲ հրամանատարը, չունենալով որևէ կոնկրետ տվյալ դիտարկվող խմբավորման յուրային լինելու մասին, կրկին հաստատել է, որ դրանք իրենց զորքերն են։ Արդյունքում, դիվիզիոնը չի լքել դիրքերը, և հակառակորդի ուժերը կարողացել են անարգել մոտենալ՝ անցնելով հարձակման։
Դատարանը նաև հաշվի է առել ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպեր պաշտպանական գործողությունները, անձնակազմն ի վիճակի կլիներ դիմակայել հակառակորդի գրոհին՝ խոցելով այն հրանոթների ու հրաձգային զենքերի օգնությամբ։
Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Ջալալ Հարությունյանի պաշտպանական թիմը պատրաստվում է այն բողոքարկել վերադաս ատյանում։