Փետրվարի 24-ին հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել մոտ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը առգրավվել է։ Այս գործողության արդյունքում կանխվել է 450 միլիոն դրամ գնահատվող թմրամիջոցի մանր չափերով իրացման փորձը, հայտնում է ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ համապատասխան ստորաբաժանումում ստացվել էր տեղեկություն, որ Իրանից Հայաստան նախատեսվում է տեղափոխել խոշոր չափերով թմրամիջոցներ։ Տեղեկության ստուգման նպատակով իրականացվել են լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնք տվել են արդյունք։
Ներկայում իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ ապօրինի թմրաշրջանառության շղթայի ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։