Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը, ով վարում է «Opel» մակնիշի ավտոմեքենա, դիմել է դատարան՝ պահանջելով Արմեն Ավինյանից պատասխան տալ իր խոսքերի համար։ Իսկանդարյանը շեշտել է, որ այս քայլը կատարում է բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով։
Նա նշել է, որ անկախ նրանից՝ ավտոմեքենայի սեփականատերը գյուղում է գրանցված, թե քաղաքում, բոլոր քաղաքացիները հավասար են, և Արմեն Ավինյանի արտահայտությունը վիրավորական է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ես Երևան քաղաքի ավագանու անդամ եմ, հետևաբար իմ գրանցումն էլ Երևանի է, բայց մեծ հաշվով տարբերություն չկա` գյուղի, թե քաղաքի «Opel» է, քաղաքացին քաղաքացի է։ Մենք այսպիսով շատերին օրինակ ենք ծառայում, որպեսզի դիմեն դատարան ու դրամական փոխհատուցում պահանջեն։ Դատական հայցով պահանջել ենք սիմվոլիկ 500, 000 դրամի չափով փոխհատուցում»,–ասել է նա։
2024 թվականի դեկտեմբերի 26-ին Արմեն Ավինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, որ կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի, որպեսզի «ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի "Opel"-ով»։ Նրա այս խոսքերը հասարակության շրջանում մեծ արձագանք էին ստացել։
Նույն օրը Տիգրան Ավինյանը պաշտոնապես ներողություն էր խնդրել հոր հնչեցրած արտահայտությունների համար՝ նշելով, որ վերջինս քաղաքական գործիչ չէ և էմոցիաներին է տրվել։ Սակայն Իսկանդարյանը հայտարարել է, որ քաղաքապետի պարզաբանումները բավարար չեն, և ինքը հույս ունի, որ դատավորը կկայացնի արդարացի որոշում։