AM
7 March 2025 - 08:54 AMT

Թաթոյանը՝ գերիների հարցում իշխանության մոտեցման մասին․ Սա վտանգավոր պահվածք է

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քննադատել է իշխանության մոտեցումը հայ գերիների հարցում՝ այն գնահատելով որպես վտանգավոր։

Նա նշել է, որ հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ։

«ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են:

Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու;

Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:

Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:

Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը»,–ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը հավելել է, որ չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը հստակ գնահատական է տվել Բաքվում ընթացող դատավարություններին և որ ԱԳՆ–ն անում է, ինչ հնարավոր է։