AM
7 March 2025 - 10:59 AMT

Հայր Զաքարիա. Խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման

Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, ծայրագույն վարդապետ Տ. Զաքարիա Բաղումյանը, անդրադառնալով խաղամոլության աճին, նշել է, որ Հայաստանում խաղամոլության տարածվածության վերաբերյալ վիճակագրությունը լուրջ ահազանգ է հասարակության մեջ արժեքների փոփոխության, հոգևոր անկման և կյանքի իմաստի խեղաթյուրման մասին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա շեշտել է, որ հատկապես Մեծ Պահքի շրջանում, ինչպես նաև առհասարակ, մարդիկ պետք է խուսափեն խաղամոլությունից, քանի որ դրա պատճառով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդկանց կյանքերը կործանվում, իսկ շատերը, ընկնելով անելանելի իրավիճակների մեջ, դիմում են ինքնասպանության։

«Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար։ Վարակիչ այս ախտը կարող է պատել ամեն մարդու, եթե փոքր-ինչ թույլ լինի կամքից։

Սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր զավակների հանդեպ, հետաքրքրվեք նրանց կյանքով և առօրյայով, իսկ խաղամոլության անգամ չնչին դրսևորման դեպքում անպայման քայլեր ձեռնարկեք, մասնագետների դիմեք և այլն։

Անպատկերացնելի է, թե որքա՛ն մարդիկ և հատկապես երիտասարդներ են դիմում հոգևորականներին օգնության կանչով․․․ երբեմն պարզապես շատ ուշ է լինում»,-ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, խոսելով ոլորտի կարգավորման անհրաժեշտության մասին, կոչ է արել քաղաքացիներին հեռու մնալ առցանց կազինոներից։ Նա նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին ինքնասպանությունների զգալի մասը պայմանավորված է խաղամոլությամբ: