«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը մարտի 8–ի ուշ երեկոյան տեղափոխվել էր հիվանդանոց, կրկին վերադարձել է Ազատության հրապարակ և շարունակում է հացադուլը՝ չհետևելով բժիշկների հորդորներին։ Այդ մասին հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է հայտարարել՝ աջակցելով Բաքվի բանտում անօրինական կերպով պահվող Ռուբեն Վարդանյանին։ Նա հուսով է, որ իր այս ծայրահեղ քայլը կստիպի Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Մանե Թանդիլյանը տեղափոխվել էր Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Բժշկական անհրաժեշտ զննում անցնելուց և շուրջ մեկ օր բժիշկների հսկողության տակ մնալուց հետո՝ հացադուլի իններորդ օրը երեկոյան, Թանդիլյանը վերադարձել է Ազատության հրապարակ՝ շարունակելու իր ակցիան, հայտնում է «Առավոտը»։
«Ցուցանիշներս նորից մի փոքր վատթարացել էին, ինքնազգացողությունս մի քիչ զիջում էր։ Գնացի՝ նորից ջուր ներարկեցին։ Հրաժարվեցի այլ միջամտությունից։ Բայց բժիշկներն արդեն սկսել են մի քիչ ավելի խիստ խոսել ինձ հետ։ Ենթադրում եմ՝ արյանս ցուցանիշներն արդեն անհանգստացնող են իրենց համար։ Խոստացել եմ իրենց, որ եթե անդառնալի վնասի նշույլներ կտեսնեն, ինձ տեղեկացնեն և համապատասխան որոշում ընդունենք։
Խոստումիս տերը կլինեմ։ Բժիշկների վերահսկողության տակ եմ։ Անչափ շնորհակալ եմ իրենց։ Ես առաջին հիվանդանոցում եմ բուժում ստացել։ Այս պահին մի քիչ ավելի լավ եմ, քան հիվանդանոց գնալիս, բայց ավելի վատ, քան մինչեւ հիվանդանոց գնալը»,- ասել է Թանդիլյանը։
Վերջին օրերին Թանդիլյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն յուրաքանչյուր անգամ նա վերադարձել է հացադուլի վայր։ Չնայած բժիշկների հորդորներին՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը շարունակում է իր պայքարը՝ կոչ անելով, որ այդ հորդորները ուղղվեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։