AM
10 March 2025 - 07:12 AMT

Փաշինյան. Գյումրիի ընտրությունների համար «ինքնահայտարարագրվածների» նպատակը մեկն է՝ պաշտպանել «գողացածը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը»:

«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», –ասել է նա Գյումրիում կայացած «Քաղաքացիական պայմանագրի» միջոցառման ժամանակ, հայտնում է «Ազատությունը»։

Փաշինյանն առանձնացրել է միայն նախկին քաղաքապետ, Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անունը։ Սակայն ընդգծել է, որ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի», պնդելով, որ այն կապ ունի նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Վարդան Ղուկասյանի, ինչպես նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Ամենամեծ նախընտրական ցուցակն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 99 թեկնածուով, որի առաջին համարը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։

Փաշինյանը չի ընդունել վերջին տարիներին իշխանությանն ուղղված քննադատությունները, որ հեղափոխությունից հետ խոստանալով թալանվածը վերադարձնել, այդ գործում այդքան էլ մեծ հաջողության չեն հասել: Նա շեշտել է, որ այժմ իրավական կառույցներն են դրանով զբաղվում, և որ ապօրինի գույքը վերադարձնելու ինստիտուտը իրավական գործընթաց է ու կախված չէ քաղաքական կամքից:

«Ռենջ րովեր» առ «Ռենջ րովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ», – հայտարարել է նա։

Փաշինյանը նախկինում հայտնել էր, թե Մյունխենի անվտանգության համաժողովից հետո Հայաստանին է վերադարձվել ապօրինի ձեռք բերված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենա, որը Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել 5․5 միլիոն դրամով։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, արձագանքելով այս հայտարարություններին, նշել է, որ վարչապետի շեշտադրումները ցույց են տալիս, որ նա չի կարողացել իրականացնել իր ամենաթմբկահարված խոստումը՝ թալանի վերադարձը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննվում է 136 հայցադիմում ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է mwt 600 մլրդ դրամ։ Մինչ այս պահը որևէ վճիռ չի կայացվել նախկին ազդեցիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահների ենթադրյալ ապօրինի գույքի հարցով։

Փաշինյանը նշել է, որ Գյումրիում և այլ համայնքներում պետք է իրականացվի ապօրինի սեփականաշնորհված գույքի վերադարձ։

«Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ, և Գյումրիի ավագանու մեծամասնությունը, հրաժարական տալով, հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել այս օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ», – նշել է նա։

Անիշխանության վիճակը Գյումրիում սկսվեց այն բանից հետո, երբ «Բալասանյան» դաշինքը հրաժարական տվեց։ Իշխող ուժը նախ հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, այնուհետև քննարկեց այլ տարբերակներ, սակայն ի վերջո կայացան փրայմըրիզներ, նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մարտի վերջին սպասվում են ընտրություններ։

Գյումրիում այս զարգացումներից առաջ քրեական գործ էր հարուցվել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և մի քանի մերձավորների նկատմամբ՝ Սև բերդի հարակից հողերի ապօրինի օտարման գործով։ Բալասանյանն այժմ հետախուզման մեջ է, իսկ նրա որդին՝ Խաչատուր Բալասանյանը, տնային կալանքի տակ է։