Վերջին տարիներին Հայաստանում հաճախակիացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը։ ՆԳ նախարարության տրամադրած տվյալները վկայում են, որ 2023-2025 թթ. ընթացքում արձանագրվել է 27 նմանատիպ դեպք, որոնցից մեծ մասը՝ Երևանում, հայտնում է Sputnik Արմենիան։
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդեն գրանցվել է 4 դեպք՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում, Վայոց ձորում և Երևանում։ Երեք դեպքում բռնության թիրախում եղել են շտապօգնության բուժաշխատողները, մեկում՝ հիվանդանոցի անձնակազմը։
Ազատանում բուժաշխատողին հարվածել են ապակե մոխրամանով՝ պատճառելով մարմնական վնասվածք, Երևանում մեկ բուժաշխատողի քաշքշել և հայհոյել են, իսկ Վայոց ձորի ԲԿ-ում հիվանդի բարեկամները վիրավորել են բուժանձնակազմին։
2024 թվականի ընթացքում գրանցվել է 14 նմանատիպ միջադեպ, որոնցից որոշ դեպքերում բուժաշխատողները ֆիզիկական ներգործության են ենթարկվել, ստացել են մարմնական վնասվածքներ կամ ենթարկվել խուլիգանական գործողությունների։
Երևանում, Արտաշատում և Շիրակի Մայիսյան գյուղում բռնության դեպքերի ժամանակ բժիշկներին հարվածել են ձեռքերով, քաշել մազերը, իսկ մեկ դեպքում հարձակման թիրախ է դարձել նաև շտապօգնության մեքենայի վարորդը։ Մարմնական վնասվածքների դեպքեր են արձանագրվել նաև «Միքայելյան», «Արթիկ», «Վանաձոր», «Արտաշատ» և «Կապան» բժշկական կենտրոններում։
2023 թվականին արձանագրվել է 5-ով քիչ դեպք, քան 2024-ին։ Այդուհանդերձ, Ստեփանավանում, Սևանում, Աշտարակում, Դիլիջանում, Վանաձորում և Երևանում շտապօգնության բժիշկների և վարորդների նկատմամբ կիրառվել են բռնություն, հարվածներ ու վիրավորանքներ։ Նման միջադեպեր տեղի են ունեցել նաև «Ավագյան» (Երևան), «Կապան» և «Վանաձոր» բժշկական կենտրոններում։
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է այլ տվյալներ, ըստ որոնց՝ 2023-2025 թթ. «Շտապբուժօգնության» աշխատակիցների նկատմամբ արձանագրվել է 3 բռնության դեպք, մինչդեռ ՆԳՆ տվյալներով՝ միայն Երևանում գրանցվել է 7 միջադեպ։
Բռնության ենթարկողները հիմնականում եղել են ոչ ադեկվատ, աֆեկտիվ վիճակում: Քաղաքապետարանից նաև նշել են, որ որոշ դեպքերում բժիշկներին սպառնացել են դանակի կիրառմամբ, իսկ մյուսներում գործի են դրվել բութ առարկաներ, բռունցքներ ու վիրավորանքներ։ Պարբերաբար բուժառուների հարազատների հետ ծագող վեճերը, սակայն, անձնակազմի միջամտությամբ չեն վերածվում բռնության։
Գերատեսչությունները դատապարտում են նման վարքագիծը՝ ընդգծելով, որ բուժաշխատողները կատարում են իրենց մասնագիտական պարտքը, իսկ բռնություն կիրառող անձինք ոչ միայն խախտում են օրենքը, այլև խոչընդոտում բժշկական ծառայությունների պատշաճ մատուցմանը։