AM
10 March 2025 - 11:20 AMT

«Հերացի» վերլուծական․ Քրոնիկ հիվանդությունների գարնանային սրացումները հնարավոր է կանխել

Գարնան ամիսներին քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների (ՔՈՎՀ) սրացումների հաճախականությունը զգալիորեն աճում է, ինչը հանգեցնում է հոսպիտալացումների թվի ավելացման, առողջապահական ծախսերի բարձրացման և հիվանդների կյանքի որակի վատթարացման։ Այդ մասին ասվում է «Հերացի» վերլուծականի հրապարակման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2022-ին ՔՈՎՀ-ը կազմել է մահացության հիմնական պատճառը՝ դառնալով բոլոր մահվան դեպքերի 74%-ի աղբյուրը (մոտ 41 միլիոն մահ): Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը այս ցուցանիշը կարող է հասնել 86%-ի՝ հանգեցնելով տարեկան մոտ 90 միլիոն մահվան։

Հայաստանում ՔՈՎՀ-ից մահացության մակարդակը 2021 թվականին կազմել է ընդհանուր մահերի 80%-ը։ Առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն էին, որոնք դարձել են մահացության 54%-ի պատճառ:

Մասնագետները նշում են, որ քրոնիկ հիվանդությունների սրացումներին նպաստում են մի շարք գործոններ, որոնցից են՝

  • Կլիմայական փոփոխությունները՝ ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները հավելյալ ծանրաբեռնվածություն են ստեղծում սիրտանոթային համակարգի վրա, առաջացնում անոթային ռեակցիաներ և բացասաբար են անդրադառնում գլխուղեղի արյան շրջանառության վրա։
  • Վիտամինների պակասը և իմունային համակարգի թուլացումը՝ ձմռան ամիսներին օրգանիզմը հաճախ ստանում է ավելի քիչ վիտամիններ ու հանքանյութեր, ինչը նվազեցնում է դիմադրողականությունը վարակների հանդեպ։
  • Վարակների տարածման ակտիվացումը՝ գարնանը շնչառական վարակների դեպքերը ավելանում են, ինչը հատկապես վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Հետազոտությունների համաձայն՝ դրանք քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության (ՔՕԹՀ) սրացումների 75%-ի հիմնական պատճառն են։
  • Ծաղկափոշու բարձր քանակությունը օդում՝ բույսերի ծաղկման շրջանում մթնոլորտում մեծանում է ալերգենների, փոշու ու ծաղկափոշու պարունակությունը, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, բրոնխիալ ասթմայի և շնչառական այլ խնդիրների սրացումներ։
  • Ֆիզիկական ակտիվության փոփոխությունը՝ շատ մարդիկ գարնանը սկսում են ակտիվ կյանք վարել, սակայն եթե օրգանիզմը նախապատրաստված չէ, դա կարող է բարձրացնել սիրտանոթային բարդությունների հավանականությունը՝ հատկապես իշեմիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Գարնանը առավել հաճախ սրացվող քրոնիկ հիվանդությունների թվում առանձնանում են՝

  • Մարսողական համակարգի խնդիրները՝ այդ թվում՝ քրոնիկ գաստրիտը, կոլիտը, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը։ Սրացումների հիմնական գործոններն են իմունային համակարգի թուլացումը, սննդակարգում В և С վիտամինների անբավարարությունը, ստամոքսահյութի թթվայնության փոփոխությունները և սթրեսը։
  • Ալերգիկ հիվանդությունները՝ օդում բարձր քանակությամբ ծաղկափոշու առկայությունը ՔՕԹՀ-ի և բրոնխիալ ասթմայի սրացումների հաճախականությունը մեծացնում է 15-30%-ով։

ԱՄՆ-ում իրականացված հետազոտության համաձայն՝ ՔՕԹՀ-ի սրացումները 20-30% դեպքերում հանգեցնում են հիվանդների հոսպիտալացման։

Բացի առողջական հետևանքներից, ՔՈՎՀ-ի սրացումները նաև լուրջ տնտեսական վնաս են հասցնում։ Ըստ ԱՀԿ-ի, ՔՕԹՀ-ի գլոբալ տնտեսական բեռը գնահատվում է տրիլիոնավոր դոլարներով, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այդ թիվը կարող է հասնել 47 տրիլիոն դոլարի։

Քրոնիկ հիվանդությունների սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է՝

  • Հարստացնել սննդակարգը վիտամիններով և հանքանյութերով։
  • Պահպանել առողջ կենսակերպ, խուսափել սթրեսներից և գերհոգնածությունից։
  • Հրաժարվել վնասակար սովորություններից։
  • Հաճախ գտնվել մաքուր օդում։
  • Ապահովել բավարար քանակությամբ գիշերային քուն (առնվազն 8 ժամ)։
  • Պարբերաբար բժշկի այցելել և խստորեն հետևել նշանակված բուժմանը։
  • Ֆիզիկական ակտիվությունը կատարել չափավորությամբ՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից։

Նշվում է, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե առողջության պահպանման և կանխարգելիչ միջոցառումները նախապես իրականացվեն։