«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ նախարարին։ Փոստանջյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հաղորդում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և շինթույլտվություններ տված այլ անձանց դեմ։
Նրա պնդմամբ, Երևանի քաղաքապետարանը թույլտվություն է տրամադրել Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող նախկին կանաչ տարածքի շինարարության համար, ինչի հետևանքով առաջացել են իրավական ու սոցիալական խնդիրներ։ Ըստ Փոստանջյանի, Վահրամ Աթաբեկի Ադամյանը, ով 2023 թվականին գնել է հողատարածքը, այն հետագայում վաճառել է սեփական ընտանիքին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը՝ շինծու գործարքի տպավորություն ստեղծելով։
«Տիգրան Ավինյանը տվել է չարաբաստիկ` թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Կարծում ենք, որ Վահրամ Աթաբեկի Ադամյանը նման կասկածելի գործարք է կնքնել իրեն և իր ծնողներին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության հետ ոչ իրավաչափ նպատակ հետապնդելով»,–ասվում է գրառման մեջ։
Նա ընդգծել է, որ իրականացվող շինարարությունը խախտում է քաղաքաշինական նորմերը, իսկ դրա հետևանքով տուժել է նաև 15-ամյա աղջիկ, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք։
Ըստ Փոստանջյանի, շինարարության ընթացքում թույլ են տրվել նախագծային շեղումներ, ինչպես նաև խախտվել են թույլտվության պայմանները։ Նա հավելում է, որ շինարարության հետևանքով հարակից շենքերը կարող են վթարային դառնալ։
Փոստանջյանը նաև մատնանշել է, որ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունը նախկինում հայտնվել է տարբեր իրավախախտումների կենտրոնում․ մասնավորապես, ընկերության աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն, իսկ հարկային ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի վճարել 36.1 մլն դրամի շահութահարկ։
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Փոստանջյանը պահանջում է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել Տիգրան Ավինյանի, Վահրամ և Աթաբեկ Ադամյանների, Գայանե Վերդյանի, «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների դեմ, ինչպես նաև ուսումնասիրել փորձագիտական եզրակացությունների վավերականությունը։
Հաղորդմանը կից ներկայացվել են պայմանագրերի, վարչական ակտերի պատճենները, լուսանկարներ և տեսաձայնագրությունների հղումները։