ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանտում գտնվող Դավիթ Իշխանյանը կշարունակի մնալ ՀՅԴ բյուրոյի անդամ։
ՀՅԴ Ընդհանուր ժողովն այդ հարցով առանձին որոշում է կայացրել, հայտնում է Radar Armenia-ն։
«Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մեջ է՝ կապված մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ: Դա մեր գլխավոր հարցերից մեկն է լինելու և մեր «Հայ դատի» գրասենյակը, մեր բոլոր կառույցները ամեն ինչ անելու են, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Մարտի 6-ին կայացած ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ավարտին ձևավորվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։ Առաջին նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը, ով այս պաշտոնում փոխարինել է 2022 թվականից այդ դերը ստանձնած Հակոբ Տեր-Խաչատուրյանին։