Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀԿԿ–ի նախագահի պաշտոնին հավակնող Արտաշես Մայիլյանը, որը հետաքննել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը, հարցազրույցի փուլում թիրախավորել է դատավորին՝ հայտարարելով, թե ինքը 8 ամսում է քննել գործը, իսկ դատարանում դատավարությունը տևել է 4․5 տարի, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա այդպես է պատասխանել ԻՔՄ նախագահ Դանիել Իոննիսյանի հարցին։
«Բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է անձի քրեական պատասխանատվության ենթարկելուն և այդ նպատակով կազմում եմ փաստաթուղթ, ապա ես այդ փաստաթղթին վերաբերում եմ այնպիսի զգուշավորությամբ, որ կանցնի 5 տարի, 10 տարի, չի հայտնաբերվի որևէ հանգամանք, որը ինձ հայտնի չի եղել և օբյեկտիվորեն չէր կարող հայտնի լինել, ուրեմն օբյեկտիվորեն իմ մոտեցումները չեն փոխվի այդ գործով»,- ընդգծել է Մայիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հետադարձ հայացքով կփոխեր իր մոտեցումը Սերժ Սարգսյանի գործի քննության վերաբերյալ։
Դանիել Իոաննիսյանի ճշգրտող հարցին՝ արդյոք այլ կերպ կվարեր գործը կամ նոր ապացույցներ կներկայացներ, Մայիլյանը պատասխանել է, որ գործի քննությունն իրականացվել է՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները։ Նա կրկին շեշտել է, որ ինքը գործը քննել է ութ ամսում, մինչդեռ դատարանը 4,5 տարի է ծախսել դատավարության վրա։